Այսօր՝ օգոստոսի 30-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում ոստիկանության Անիի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի տներից մեկին կից կիսակառույց շինությունում երեխայի դի կա կախված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է ժամանել ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդգար Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչաական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Նարեկ Մանանդյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույցում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 13-ամյա Հ. Կ.-ի դին:
Փաստի առթիվ ավագ քննիչ Ն. Մանանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ արդեն նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
կախված հայտնաբերված 13-ամյա Հ. Կ.-ն համեստ ընտանիքից էր: Այս մասին հայտնեց Լուսաղբյուրի գյուղապետ Սամսոն Բարսեղյանը:
Նրա խոսքով, ծնողները համեստ մարդիկ են, տուն էլ չունեն, ուրիշի տանն են ապրում, հայրը արտագնա աշխատանքի է մեկնում, որ տունը պահի, մայրը տնային տնտեսուհի է:
«Չգիտեմ, ինչու այսպիսի բան պատահեց, գյուղի ծանր կյանքով ապրող սովորական ընտանիք են»,-ասաց գյուղապետը: Նա նշեց, որ տան միակ որդին է, ունեցել է ավագ եղբայր, որը կնոջ հետ մահացել է Ռուսաստանում, ունի քույրեր, որոնցից երկուսն ամուսնացած են, իսկ երրրոդն ապրում է իրենց հետ: Տղան սովորում էր 7-րդ դասարանում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
|