
Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցներն օգոստոսի 20-ին, ինչպես արդեն հայտնի է, խափանել են Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սագուրամո գյուղի մոտակայքում Ռուսաստանից Հայաստան ձգվող գազամուղի պայթեցման փորձը:
Ձերբակալված 7 անձինք, որոնց նկատմամբ Թբիլիսիի քաղաքային դատարանը նույն օրը երեկոյան նախնական կալանքի մասին որոշում է կայացրել, Վրաստանի քաղաքացիներ են: ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համաձայն, նրանց մեղադրանքներ են առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի այն հոդվածներով, որոնք պատասխանատվություն են նախատեսում ահաբեկչության, ահաբեկչության կազմակերպման հանցափորձի և ահաբեկչական խմբին աջակցելու համար։ Ուշագրավ է, որ նրանցից մեկը՝ Լևան Մամպորիան, ով մեղադրվում է ահաբեկչական խմբին աջակցելու մեջ, Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից է: Հանցախմբի անդամները կամ նրանց մի մասը ձերբակալվել են այն ժամանակ, երբ գնացել են Ժինվալի-Շատիլի ավտոճանապարհի մերձակա անտառահատված՝ այնտեղ թաքցված պայթուցիկ նյութերը վերցնելու:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչը չի բացառել, որ հանցախումբը կառավարվել է արտերկրից, ուղղակի հայտարարել է, որ դա դեռ հայտնի չէ: Վրաց իրավապահները դեռ չեն բացահայտել կամ գուցե բացահայտել, բայց դեռ չեն հայտնում, թե ինչ նպատակ է ունեցել գազատարի պայթեցումը, կա՞ն արդյոք հանցավոր խմբի ետևում կանգնած անձինք, կազմակերպություն կամ երկիր, եթե այո, ովքեր են նրանք, որ կազմակերպության կամ երկրի մասին է խոսքը:
Գազատարի պայթեցման ադրբեջանական հետքը
Փորձենք հասկանալ, թե ում էր ձեռնտու հիշյալ գազատարի պայթեցումը, և ինչ նպատակ կարող էր հետապնդել այն: Այս առումով քննության առնենք գոյություն ունեցող վարկածներից առավել հավանականները, որոնք երկուսն են:
Ռուսաստանից Հայաստան գազատարը, ինչպես հայտնի է, վաղուց չի պայթեցվել, իսկ նախկինում պայթեցման բոլոր դեպքերի ետևում կանգնած է եղել Ադրբեջանը: Այս պահի դրությամբ հայտնի է, որ ձերբակալվածների ու կալանավորվածների թվում ազգությամբ գոնե մեկ ադրբեջանցի չկա: Իհարկե, նշված հանգամանքը դեռ չի բացառում, որ գազատարի պայթեցման ծրագրի ետևում Ադրբեջանն է կանգնած, քանի որ վերջինիս հատուկ ծառայություններն այս անգամ կարող էին գրագետ աշխատած լինել՝ խափանարարությունը (դիվերսիան) կազմակերպելով բացառապես այլազգիների միջոցով: Եթե դա իրոք այդպես է, ապա գազատարի պայթեցումը ոչ թե, ասենք, 2013, 2014, 2015 թվականներին, ոչ թե նույնիսկ ապրիլյան պատերազմից առաջ կամ այդ օրերին, այլ հենց հիմա կազմակերպելը պետք է ունենա հատուկ նպատակ, որը չի ունեցել նախկինում:
Կարծում եմ, վերլուծական մեծ ունակություններ պետք չեն եզրահանգելու կամ հասկանալու համար, որ Հայաստանի և Արցախի նկատմամբ մեծ պատերազմ սանձազերծելուց առաջ, Ադրբեջանն անպայման կգնա այդ քայլին, որպեսզի մեր վիճակն ավելի ծանրացնի: Ճիշտ է, Հայաստանը Աբովյանի գազապահեստարանում գազի մեծ ծավալներ ունի, բայց բոլորին է հասկանալի, որ այդ ծավալներն անսահմանափակ չեն ու շարունակական օգտագործման պարագայում մի օր ենթակա են սպառման:
Կարելի է մտածել, թե գազատարի պայթեցմամբ Ադրբեջանը չի կարողանա լուրջ խնդիր լուծել, քանի որ վնասված հատվածը հնարավորինս արագ կվերականգնվի: Բայց ուշադրություն դարձնենք հետևյալ հանգամանքի վրա. հանցախումբը նախատեսել էր գազատարը պայթեցնել ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի տեղից, ինչը կդժվարացներ վնասված հատվածների վերականգնումը, դրա համար շատ ավելի մեծ ժամանակ անհրաժեշտ կլիներ: Նկատի ունենալով այն, որ, ըստ Վրաստանի իրավապահների, հիշյալ հանցախմբի մոտ, զենք-զինամթերքից բացի, հայտնաբերվել է 4 միավոր 200 գրամանոց «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ և 5 պայթուցիչ սարք (դետոնատոր), կարելի է եզրահանգել, որ նախատեսված է եղել գազատարը պայթեցնել առնվազն 4 տեղից: Գազատարը մեկից ավելի վայրերում պայթեցնելու մտադրության մասին է վկայում նաև ձերբակալվածներից մեկի տանը համակարգչից առգրավված քարտեզը, որի վրա նշված են եղել այն վայրերը, որտեղ իրականացվելու էին պայթյունները:
Ի վերջո, եթե իսկապես Ադրբեջանն է կանգնած գազատարի պայթեցման ծրագրի ետևում՝ նպատակ ունենալով մեծ պատերազմ սանձազերծելուց առաջ և ընթացքում տնտեսական դժվարություններ, գազի բացակայությամբ և էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներով հոգեբանական խնդիրներ ստեղծել մեզ համար, ապա գազատարի վերականգնման ընթացքում կամ դրանից հետո կփորձի իրականացնել կամ կիրականացնի նոր պայթեցումներ: Այս բոլորով հանդերձ, գազատարի պայթեցման ծրագրի ետևում Ադրբեջանի առկայության վարկածը թեև ուշադրության արժանի, բայց, կարծում եմ, քիչ հավանական է:
Գազատարի պայթեցման արևմտյան հետքը
Առավել հավանական է Ռուսաստանի դեմ Արևմուտքի մեծ գրոհից առաջ (այդ մասին գրել եմ իմ «Հայտնի է, թե Սերժ Սարգսյանը վաղն ինչ է ասելու Պուտինին, անհայտ է, թե դրանից հետո Ալիևը համարձակվելո՞ւ է պատերազմել՝ չկատարելով Պուտինի պահանջը» հոդվածում. Ռուսաստանի ու նրա դաշնակիցների համար առավելագույն խնդիրներ ստեղծելու վարկածը: Պատահակա՞ն է արդյոք, որ Վրաստանում գազատարի պայթեցման դեպքը ժամանակային առումով գրեթե համընկավ հենց Ռուսաստանում ահաբեկչության կամ խափանարարության կանխված փորձի հետ:
Ավելին՝ Վրաստանում ծրագրվածից մեկ թե երկու օր հետո, Ղազախստանի ազգային անվտանգության աշխատակիցները կանխել են իրենց երկրում դարձյալ պայթեցման եղանակով ահաբեկչության մի քանի փորձ: Ձերբակալվածները Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիներ են: Նրանց մոտ հայտնաբերվել են ինքաշեն պայթուցիկների համար նախատեսված նյութեր: Կան որոշ հիմքեր ենթադրելու, որ առաջիկա աշնանն ավելի հաճախ ենք տեղեկություններ կարդալու այսպիսի դեպքերի մասին, Աստված մի արասցե, որ ահաբեկչության կանխատեսելի փորձերը դառնան իրականություն:
Ոմանք կարող են տարակուսել, թե ինչպե՞ս կարող է Արևմուտքի մասին խոսք լինել, երբ ձերբակալվածների, կալանավորվածների թվում չկա արևմտյան որևէ երկրի գեթ մեկ քաղաքացի: Այո, չկա, բայց ի՞նչ է՝ Արևմուտքում հիմարնե՞ր էին, որ լիներ… Դրա համար, ասենք, ԿՀՎ-ի աշխատակիցների՞ պետք է գործուղեին Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան, որ ահաբեկչական գործողությունների չբացառված ձախողման, նշված խմբերի անդամների բռնվելու դեպքում ամեն ինչ միանգամից պարզ և ապացուցելի դառնար: Ո՛չ իհարկե: Պետք է աշխատեին, ասենք, Ռուսաստանի նկատմամբ թշնամի, Վրաստանի քաղաքացիների գնալ-գալու համար սովորական մեկ այլ երկրում, ասենք, Ուկրաինայում կամ Ուկրաինայի հատուկ ծառայությունների միջոցով տեղացիների ընտրել, հավաքագրել, և այնպիսի անձանց, որոնք այս կամ այն չափով կապ կունենային վահաբիստների կամ «Իսլամական պետության» հետ: Կամ էլ՝ այդպիսի կապի տպավորություն թողնելու համար, համապատասխան նախապատրաստական աշխատանքներ կկատարեին: Օրինակ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դրոշի համապատկերին մինչ ահաբեկչությունը կլուսանկարվեին և այդ լուսանկարը կզետեղեին «Facebook» սոցցանցում, ինչը հենց տվյալ պարագայում առկա է, համենայն դեպս, «Facebook»-ում այդ լուսանկարի առկայության մասին հայտնել է ձերբակալվածներից Բեկա Բեկաուրիի պաշտպան, փաստաբան Մայա Չրելաշվիլին:
Փաստաբանը մեկնաբանելով վահաբականների հետ Բեկա Բեկաուրիի հնարավոր կապի վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդումները, սկզբում ասել է, թե իր պաշտպանյալը «մերժում է որևէ կապի առկայությունը», իսկ դրանից կարճ ժամանակ հետո հայտարարել՝ «Իմ պաշտպանյալ Բեկա Բեկաուրին և ևս երկու ձերբակալվածներ վահաբիզմի հետևորդներ են: Նրանք դա հայտարարել են հետաքննության ժամանակ»:
Դժվա՞ր է հասկանալ Բեկա Բեկաուրիի հնարքը. չէ՞ որ այսպես հավաստի է թվում, սկզբում ժխտել է, բայց հետո հենց ինքն է ընդունել… Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ Մայա Չրելաշվիլին այս մասին հայտարարելուց անմիջապես հետո ասել է՝ «Ինչ վերաբերվում է Ուկրաինայի հետ կապերին, բոլոր ձերբակալվածները ժխտում են այդ փաստը»: Կարելի է ենթադրել, որ հենց Ուկրաինայի հետ կապը ժխտելու համար է ասպարեզ բերվել վահաբիզմի հետևորդներ լինելու պատմությունը: Մինչդեռ, ինչպես հայտնի է, Վրաստանի ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «կալանավորվածներից մեկը հաճախ էր մեկնում Ուկրաինա, սակայն առայժմ հայտնի չէ՝ արդյոք հանցավոր խումբը հայտնվել է այդ երկրից»:
Չգիտես ինչու ոչ թե Վրաստանի իրավապահ համապատասխան մարմինները, այլ պաշտպանության նախարար Լևան Իզորիան է օգոստոսի 23-ին հայտարարել, որ շուտով հայտնի կդառնա, թե ռուսական գազամուղի պայթեցման մեջ մեղադրվողներն ումից են ստացել առաջադրանք: Կարելի է ենթադրել, որ նրա լավատեսությունն ունի ինչ-որ հիմք, հուսանք… Նրա ասածը միաժամանակ ուղղակիորեն թե անուղղակիորեն նշանակում է, որ հանցախումբն ինչ-որ մեկից կամ ինչ-որ տեղից առաջադրանք է ստացել, և առաջիկայում հայտնի է դառնալու ընդամենը այն, թե ումից:
Բնականաբար, կարող է հարց առաջանալ, թե ինչու եմ հակված չհավատալու Բեկա Բեկաուրիի ասածին, որը ժխտելով Ուկրաինայի կամ այլ երկրի, այլ պետության հատուկ ծառայությունների հետ կապը, փորձում է կատարվածն անուղղակիորեն բացատրել իրենցից երեքի՝ վահաբիզմի հետևորդ լինելով, իսկ ուղղակիորեն նրանով, որ չի կարողանում տանել ռուսական ագրեսորներին, և ցանկացել են գազատարը պայթեցնելու միջոցով վնասել Ռուսաստանին, վրեժ լուծել ռուսական ագրեսորներից: Բացատրությունս շատ պարզ է՝ եթե Բեկաուրին ստում է վերջին հարցում, ապա արժանահավատ չէ նաև առաջինի՝ Ուկրաինայի կամ այլ երկրի հետ կապ չունենալու վերաբերյալ ասածը: Իսկ որ վերջին հարցում ստում է, դա գոնե ինձ համար կասկածից դուրս է: Նրա հորինած ստի ականջներն անմիջապես երևում են, երբ մի փոքր մտածում ու հասկանում ենք, որ Վրաստանի տարածքով անցնող գազատարի անվտանգությունն ապահովելու պատասխանատուն ոչ թե Ռուսաստանը, այլ Վրաստանն է, հետևաբար պայթեցման դեպքում Վրաստանն էր տուժելու, քանի որ իր ծախսերով էր վերականգնելու էր:
Կախված նրանից, թե որքան կտևեր ռուսական գազի մատակարարման դադարեցումը, կարող էինք տուժել նաև մենք, իսկ Ռուսաստանը չէր տուժի նաև գազի մատակարարման ժամանակավոր դադարեցման, այսինքն՝ Հայաստանին գազի իրացման ընդհատման հետևանքով մեզանից գումարներ չստանալով: Դա նույնպես հասկանալի է, քանի որ մենք այդ ընթացքում օգտագործելով Աբովյանի գազապահեստարանի գազը, գազատարի վերականգնումից հետո գազը ստանալու էինք հավելյալ ծավալներով, այսինքն՝ Ռուսաստանից գնելու էինք այս ընթացքում չստացված գազը' Աբովյանի գազապահեստարանի սպառված ծավալները վերականգնելու համար:
|