Պոլ Գոգենի «Ե՞րբ է հարսանիքը» թաիթյան ժամանակաշրջանի նկարը դարձել է աշխարհի ամենաթանկ արվեստի գործը: Այն շվեյցարացի Ռուդոլֆ Շտեյխելինից գնել է մի կոլեկցիոներ Քաթարից՝ մոտ 300 մլն. դոլարով: Շտեյխելինի հավաքածուի այս նկարը եւ ինչպես նաեւ այլ գործեր պահվում էին Բազելի արվեստի թանգարանում: Առաջին համաշխարհային պատերազմից հետո հավաքածուն սկսել է հավաքել Ռուդոլֆ Շտեյխելինի պապը՝ նրա անվանակիցը: Նկարի վաճառքի որոշումը Շտեյխելինը պայմանավորել է «ակտիվները նորացնելու» անհրաժեշտությամբ եւ առաջարկված հաջող գնով: «Իմ ակտիվների մեծամասնությունը նկարներ են, որոնք ցուցադրվում են անվճար: Սա արվեստի մեծագույն գործ է, բայց նաեւ ներդրում»,-ասել է Շտեյխելինը: «Ե՞րբ է հարսանիքը» նկարը Քաթար կտեղափոխվի հաջորդ տարվա հունվարին: Սկզբում այն կցուցադրվի Բեյելերների հիմնադրամի կողմից կազմակերպված Գոգենի նկարների ցուցահանդեսում, իսկ այնուհետեւ կտեղափոխվի Սոֆիա թագուհու արվեստների կենտրոն, այնուհետ կցուցադրվի Վաշինգտոնի Phillips Collection-ում: Հետաքրքիր է, որ նախկինում Գոգենի ամենաթանկ նկարը, որը վաճառվել է աճուրդում, շատ ավելի ցածր գին է ունեցել: 2007թ.-ին «Առավոտ» կտավը, որը նույնպես նկարչի թաիթյան ժամանակաշրջանի գործերից է, Sotheby`s աճուրդում վաճառվել է 39.2 մլն. դոլարով: Արվեստի գործերի նախկին ռեկորդակիրը նույնպես եղել է անանուն գնորդ Քաթարից: 2011թ.-ին Պոլ Սեզանի «Թղթախաղ խաղացողները» կտավը ձեռք է բերել քաթարյան թագավորական ընտանիքը՝ 250 մլն. դոլարով: Ամենաթանկ արվեստի գործը, որը վաճառվել է աճուրդում, դարձել է Ֆրենսիս Բեկոնի «Լյուսիեն Ֆրեյդի երեք էսքիզներ» եռանկարը, որը վաճառվել է Christie`s աճուրդում 142.4 մլն. դոլարով: Գոգենի նկատմամբ հետաքրքրությունը բորբոքվում է նաեւ արվեստի շուկայից հեռու: Վաղը՝ փետրվարի 8-ին, Բեյլերի հիմնադրամում Գոգենի ցուցահանդեսին զեկույցով հանդես կգա հանրահայտ դերասան Կիանու Րիվզը: Րիվզը կպատմի Գոգենի գլխավոր գրական ստեղծագործության՝ «Նոա-Նոա»-ի եւ Թաիթիում նկարչի կյանքի մասին: Միջոցառման բոլոր տոմսերն արդեն վաճառված են:
|