Այսօր՝ հունիսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից ձորակում՝ Զանգվի ափի մոտ, տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Բադալյանի գլխավորությամբ, ում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկաններն ու քննիչները նշված ձորում հայտնաբերել են 49-ամյա Արսեն Պողոսյանի արնաշաղախ դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի մասում կան բազմաթիվ հարվածի հետքեր: Մինչ տեղում կաշխատեին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, Երևանի ոստիկանապետ Ա. Կարապետյանն ու Կենտրոնական բաժնի քննչականի պետ Վիգեն Մեսրոպյանը օպերատիվ տվյալների ստացման արդյունքում մեկնում են ինչ-որ տեղ, քանի որ ոստիկաններն ու քննիչները տեղեկություններ էին ստացել, որ մինչև մահանալը Ա. Պողոսյանը եղել է ինչ-որ անձի հետ և նրանց մեջ վիճաբանություն է տեղի ունեցել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչ դատաբժիշկը վերջնական արդյունքները կհայտներ տեղում, ոստիկանները պարզել են, որ սպանությունը կատարել է 45-ամյա Լևոն Ստեփանյանը, ով, ըստ տեղեկությունների, նույնպես վնասվածքներ է ստացել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
|