Այսօր` հունիսի 5-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:35-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի բնակիչ, 42-ամյա Համլետ Մայիսի Պատուրյանն էր: Գ. Շամշյանի տեղեկություններով` նա մահացել է հրազենի 4 կրակոցից: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 00:10-ի սահմաններում անհայտ անձը Էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում (նախկին պլաստմասայի գործարանի մոտ) կրակոցներ է արձակել Հ. Պատուրյանի ուղղությամբ` սպանելով նրան: Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Կ. Խաչատրյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ, որի աշխատանքները ղեկավարում է հատկապես կարևոր գոերծերով ավագ քննիչ Արմեն Ումուրշատյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով` սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Էջմիածին քաղաքի Նալբանդյան 1ա հասցեի բնակիչ, 26-ամյա Վարդան Էդուարդի Սախկալյանը: Էջմիածնեցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Սպանվածը Հայաստան էր վերադարձել Վոլգոգրադից: Նա ըմբշամարտիկ էր և բազմաթիվ բարեգործական աշխատանքներ էր կատարել Էջմիածնում: Ամուսնացած էր, խնամքին ուներ 2 տղա, 1 աղջիկ: Իր միջոցներով մարզական կենտրոն էր ստեղծել և մեծ օգնություն էր ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին»:
|