

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Մարինա Ղ.-ի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ:
Մեղսագրված արարքի կատարման պահին՝ 2016 թվականի հունվարի 13-ին, Մարինան անչափահաս է եղել՝ 17 տարեկան: Դատական ակտում որպես անչափահաս ամբաստանյալի կարգավիճակ՝ նշված է «ամուսնալուծված»:
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի 12-ին, ժամը 18-ի սահմաններում Մարինան ժամանակ անցկացնելու նպատակով իր կամքով Վլադիմիր Մ.-ի ու նրա երկու ընկերների հետ գնացել է Տափերական գյուղի տարածքում գտնվող «Ռալինա» հյուրանոց: Մարինան հյուրանոցում գիշերել է Վլադիմիրի հետ, փոխադարձ համաձայնությամբ նրանք մի քանի անգամ սեռական հարաբերություն են ունեցել:
Հաջորդ օրը՝ հունվարի 13-ին, ժամը 11-ի սահմաններում Մարինան վերադարձել է տուն և ընտանիքի անդամներին ստել է, թե Վլադիմիրն ընկերների հետ փողոցում բռնություն է գործադրել իր նկատմամբ, իր կամքին հակառակ նստեցրել է մեքենա, տարել է «Ռալինա» հյուրանոց և բռնի ուժով մի քանի անգամ բռնաբարել է իրեն:
Նույն օրը Մարինան հիշյալ բովանդակությամբ հաղորդում է ներկայացրել ոստիկանությունում՝ Վլադիմիրին ու նրա ընկերներին սուտ մեղադրելով ծանր հանցագործությունների կատարման համար:
Մարինայի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, սակայն քննության արդյունքում պարզվել է, որ Մարինայի հաղորդած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Նրան մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ընդհանուր իրավասության դատարանում Մարինա Ղ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե Վլադիմիրի հետ շփվել է 2015 թվականի ամռանից, նրա հետ գտնվել է ինտիմ հարաբերությունների մեջ:
2016 թվականի հունվարի 12-ին, ժամը 18-ի սահմաններում ինքը քայլում էր փողոցում: Պատահաբար հանդիպել է Վլադիմիրին, ով ընկերների հետ էր: Վլադիմիրը կանգնել ու խոսել է իր հետ, իսկ ընկերները շարունակել են քայլել:
Ինքն ու Վլադիմիրը խոսել են իրենց հարաբերությունների մասին, փորձել են պարզաբանել, թե ինչն է եղել իրենց հարաբերությունների դադարեցման պատճառը:
Խոսելով քայլել են շուկայի ուղղությամբ: Շուկայի մոտ Վլադիմիրի ընկերը տաքսի է վերցրել, ինքը, Վլադիմիրը ու նրա երկու ընկերները նստել են տաքսի:
Վլադիմիրն առաջարկել է իրենց զրույցը շարունակել հանգիստ պայմաններում, քանի որ խոսելու շատ բան են ունեցել: Ինքը համաձայնել է:
Բոլորով գնացել են «Ռալինա» հյուրանոց: Վլադիմիրի ընկերը սենյակ է պատվիրել:
Ինքն ու Վլադիմիրն այդ սենյակում զրուցել ու պայմանավորվել են շարունակել իրենց հարաբերությունները, այդ օրից միասին լինել, իրար հետ ապրել: Ապա գրկախառնվել են, համբուրվել ու սեռական հարաբերություն են ունեցել իրար հետ: Դրանից հետո միասին լողացել են: Սուրճ են խմել սենյակում, որը հյուրանոցի աշխատակցուհին է բերել: Վլադիմիրը զանգել է ընկերոջն ու խնդրել է, որ նա ուտելիք բերի սենյակ:
Ընկերն ուտելիք ու օղի է բերել: Վլադիմիրն օղի չի խմել, ինքը միայն բաժակը շուրթերին է մոտեցրել, իսկ Վլադիմիրի ընկերը խմել է: Վերջինս սկսել է հեռախոսով նկարել իրեն ու Վլադիմիրին: Ինքը դա տեսնելով՝ սկսել է տարբեր դիրքեր ընդունել, գրկել է Վլադիմիրին, նստել է նրա գիրկը, նորից դիրքեր է ընդունել ու այդպես լուսանկարվել է:
Դրանից հետո ինքն ու Վլադիմիրը գնացել են ննջարան, իսկ Վլադիմիրի ընկերը քնել է հյուրասենյակի բազմոցին:
Քանի որ ինքն ու Վլադիմիրը որոշել էին միասին լինել այդ օրից, ինքն անջատել էր իր հեռախոսը, որ իր ընտանիքի անդամները չիմանան, քանի որ մայրն արգելել էր շփվել Վլադիմիրի հետ: Այնուամենայնիվ, ինքը զանգել է քրոջը, տղայի հորինած անուն է տվել ու ասել է, թե այդ հորինված տղայի քեռու տանն են, ամեն բան նորմալ է, թող տանը չանհանգստանան:
Դրանից հետո քույրն անընդհատ զանգել է իրեն, ինքը չի պատասխանել քրոջ զանգերին:
Ինքը Վլադիմիրի հետ նորից սեռական հարաբերություն է ունեցել, ապա քնել են:
Առավոտյան ժամը տասին արթնացել են: Վլադիմիրն առաջարկել է մի օր էլ մնալ, ինքը համաձայնել է:
Վլադիմիրն ասել է, թե գնում է գումար ճարելու: Իրեն ասել է, որ համարի դուռը ներսից փակի, ու հեռացել է: Նրա գնալուց հետո ինքը մտածել է, թե տնեցիները կանհանգստանան, որոշել է չսպասել Վլադիմիրին, այլ գնալ տուն: Հյուրանոցից դուրս է եկել, պատահական մեքենայով գնացել է տուն:
Տանը վախեցել է, որ մայրը կբարկանա, ստել է, իբր՝ Վլադիմիրն ու նրա երկու ընկերները առևանգել են իրեն, տարել են «Ռալինա» հյուրանոց, որտեղ Վլադիմիրը բռնաբարել է իրեն:
Մայրն առաջարկել է գնալ ոստիկանություն: Ինքը մտածել է, որ եթե ոստիկանություն չգնա, մայրը կարող է իրեն չհավատալ, մոր հետ գնացել է ոստիկանություն, սուտ հաղորդում է տվել, ապա բացատրություն ու ցուցմունք է տվել:
Սակայն իրականում Վլադիմիրն ընկերների հետ իրեն չի առևանգել, ինքն օգնություն չի կանչել, չի փորձել տաքսու դուռը ընթացքի ժամանակ բացել: Ինքն իր կամքով է նստել մեքենա, քանի որ Վլադիմիրի նկատմամբ զգացմունքներ է ունեցել, և իր կամքով է նրա հետ սեռական հարաբերություններ ունեցել: Իր մարմնին եղած արյունազեղումներն առաջացել են բուռն սեռական հարաբերությունների ժամանակ: Ինքը հյուրանոցի սենյակից դուրս է եկել դռնով, ոչ թե պատուհանով: Պատուհանի ցանցն ինքը չի պատռել:
Ինքը հասկանում է, որ անմեղ մարդկանց է մեղադրել, պարզապես վախեցել է իր ընտանիքի անդամների արձագանքից:
Վլադիմիրի հետ առերեսման ժամանակ ինքը հասկացել է, որ սխալ է գործում, դա հետագայում կազդեր իր խղճի վրա: Հենց առերեսման ժամանակ ինքն ասել է ճշմարտությունը:
Մարինայի վերաբերյալ համայնքի կողմից տրված բնութագրում ասվում է, որ նա ինքնամփոփ, խելոք անձնավորություն է, որևէ հակահասարակական արարք թույլ չի տվել…
Դատարանը Մարինա Ղ.-ին մեղավոր է ճանաչել սուտ մատնություն կատարելու համար, դատապարտել է 1 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել է 1 տարի փորձաշրջան:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող դատախազը՝ պահանջելով հաշվի առնել կատարված արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը ու խստացնել Մարինայի նկատմամբ սահմանված փորձաշրջանի ժամկետը՝ մեկ տարուց այն դարձնելով 3 տարի:
|