
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը մեկնաբանում է կորցրած տարածքների մասին Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը:
«Խոսքը գնում է հեկտարի եւ ոչ թե մետրի մասին: Իսկ հեկտարը, գիտեք չէ՞ հարյուրը հարյուրի վրա է, հիմա 800 հեկտարը նշանակում է 200-ը 400-ի վրա: Երբ նախագահ Սերժ Սարգսյանն ասում էր՝ կորցրել ենք 200 մետր, նկատի ուներ խորությունը: Սրա մասին է խոսքը գնում: Բայց նախագահն այլ բան էլ ասաց, որին պետք է ուշադրություն դարձնենք: Ասաց՝ մեր անվտանգության շերտը կազմում է մոտ 800.000 հեկտար, անշուշտ, զինադադարը կատարվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ, խնդրանքով: Սերժ Սարգսյանը շատ հստակ ասաց՝ կորցրածը հետ վերցնելու խնդիր չկար, բայց կորցրածը ռազմավարական առումով ոչինչ չի տալիս մեզ, բայց վերադարձնելու պարագայում կարող էինք ունենալ օրինակ տասը զոհ: Այդ մի քանի մետրն արժե՞ր այդ զոհերին: Սա քաղաքական լրջագույն որոշում է եղել: Իմաստավորված որոշում, ոչինչ չես զիջել, քո անվտանգությունը մի դույզն անգամ վտանգված չէ, ինչ իմաստ ունի հավելյալ զոհեր տալ: Ես պաշտպանում եմ գլխավոր գերագույն հրամանատարի այդ մոտեցումը»,- Aravot.am-ի հարցին, թե ինչու էր Սերժ Սարգսյանն ավելի վաղ պնդում, որ կորցրածը 200-300 մետրի մասին է, իսկ երեկ արդեն հայտարարեց 800 հեկտար կորուստի մասին, պատասխանեց Խոսրով Հարությունյանը: Այսօր «Փաստարկ» ակումբում պարոն Հարությունյանը վերլուծեց նաեւ Վիեննայում տեղի ունեցած Ալիեւ- Սարգսյան հանդիպումը, ասաց՝ կարեւոր ձեռքբերումներով հարուստ հանդիպում էր: Ըստ նրա, տարածաշրջանը այդ քառօրյա ռազմական արկածախնդրության պատճառով հայտնվել էր անկանխատեսելի եւ կործանարար զարգացումների շեմին, ու միջազգային հանրությունը փորձեց կանխարգելել հնարավոր բացասական զարգացումները. «Վիեննան սա էր ասում, Վիեննան մեսիջ էր: Վիեննայի այդ հանդիպումը իր արդյունքներով պարտավորեցնող էր կողմերի համար, սա այլ հանդիպում էր, համանախագահողների նախաձեռնած հերթական հանդիպում չէր, սա արտակարգ ու արտահերթ հանդիպում էր: Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերվեցին հանդիպման ընթացքում կողմերի համար դարձնում են շատ պարտավորեցնող, որեւէ կողմ այս պայմանավորվածություններից դուրս գալու պարագայում պետք է գիտակցի, որ հայտնվելու է ամենաազդեցիկ քաղաքական դերակատարների ճնշումների տակ: Սա կնշանակի ապտակ համանախագահող երկրների քաղաքական ղեկավարներին: Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերվեցին կարող են հույս ներշնչել, որ կսկսվի հետեւողական քայլերի իրականացում: Կարող ենք հուսալ, որ այլեւս սառույցը հալվեց, շատ կարեւոր որոշումներ կայացված են, բայց կյանքը ցույց է տալիս, որ, ցավոք, բանակցային մյուս կողմը կարող է մի բան ասել, բոլորովին այլ բան անել»: Հարցին, թե, այսինքն` անվտանգության երաշխիքներ չկա՞ն, պատգամավորը շարունակեց. «Մեծ հաշվով կան: Այլ հարց է՝ դրվեցին մոնիտորինգի մեխանիզմները, ներդրվեցին հետաքննության գործիքները, ակնհայտ դարձավ ՝ ով է նախահարձակ լինում, ինչ է դրան հետեւելու, սա է կարեւոր: Այս գործիքակազմը ներդնելով՝ ԵԱՀԿ-ն սեղանին դնում է իր քաղաքական վարկի խնդիրը, որովհետեւ վաղը չէ մյուս օրը, եթե Ադրբեջանը խախտեց պայմանավորվածությունները, նորից կրակահերթեր արձակեց, ինչ է հետեւելու դրան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
aravot.am
|