
Ապրիլի 2-ին Ջաբրայիլի մարտերում նահատակված 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքը հրաժարվելէ «SOS Գյումրի» ծրագրի շրջանակում ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի կողմից իրենց նվիրաբերված բնակարանից: Փոխգնդապետ Առաքելյանի կինը երկու զավակների հետ ապրում է հայրական փոքրիկ բնակարանում: galatv.am-ին տված հարցազրույցում փոխգնդապետի հայրը` Գևորգ Առաքելյանը, նշում է, որ իրենց է հանձնվել մի բնակարան, որն ունի բազմաթիվ թերություններ, վերանորոգման խիստ անհրաժեշտություն, տանիքի վերակառուցման խնդիր և գտնվում է Մուշ-2 թաղամասում, այն դեպքում, որ ինքը կցանկանար, որ որդու ընտանիքին հատկացվող բնակարանը լիներ ավելի մոտ իրեն, որ կարողանա հաճախ տեսակցել թոռներին: Փոխգնդապետի հայրը կարծում է, որ պետք էր գոնե այդ հարցում խորհրդակցել ընտանիքի անդամների հետ, լսել նրանց կարծիքը, հաշվի առնել ցանկությունները: Գևորգ Առաքելյանը չի համարում, որ պետությունն այս կերպ կատարել է իր պարտականությունները և այլևս անելիք չունի, և սա համարում է իր որդու ընտանիքին հասցված վիրավորանք, որովհետև «հերոսի ընտանիքին հերոսին վայել անկյուն պետք է տրամադրվի»:
Մեր զրույցում «SOS Գյումրի» թիմի անդամ, Գյումրիի անօթևաններին բնակարանով ապահովելու նախաձեռնության հեղինակներից լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը նշեց, որ ստիպված են այլ ընտանիքի հատկացնել բնակարանը, քանի որ Առաքելյանները հրաժարվել են դրանից, բայց որոշել են, որ այդ բնակարանն անպայման հատկացնելուն են ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված այլ զինծառայողի ընտանիքի:
«Երբ բնակարանը հանձնենք ընտանիքին և հրապարակենք լուսանկարները, ինքներդ կտեսնեք` այն ինչ վիճակում է գտնվում: Ես չգիտեմ` ինչու Մուշ 2 թաղամասի նկատմամբ այդպիսի բացասական վերաբերմունք կա Առաքելյանների մոտ, բայց հիմա այն պահն է, որ նրանք ամեն ինչ խոսելու իրավունք ունեն, իսկ ես որևէ բարոյական իրավունք չունեմ նրանց ասածը մեկնաբանելու»,- նշեց Հ. Բարսեղյանը:
«SOS Գյումրի» ծրագրի շրջանակում արդեն հատկացված բնակարնների մեծ մասը հենց Մուշ 2 թաղամասում է, քանի որ, Հ. Բարսեղյանի խոսքով, այնտեղի բնակարանները հիմնականում նոր են, թեև հնարավոր է` որոշ էսթետիկ թերություններ լինեն. «Ես անձամբ չեմ եղել այն տանը, որն ուզում էինք հատկացնել Առաքելյաններին, բայց չեմ կարծում` տանիքի հետ կապված խնդիր լինի: Մենք մեզ թույլ չենք տալիս խնդրահարույց բնակարաններ հանձնել մարդկանց: Մուշ 2-ում բավականին էժան գնով տուն կար, բայց տան տերը խոհանոցում ինչ-որ անցքեր էր բացել, վերաձևումներ էր արել, և մենք չգնեցինք այն, մինչև տերն այն չբերեց նախնական տեսքի: Այս ծրագրի շրջանակում ամենավատ տունը, որ գնել ենք, եղել է Լինսի հիմնադրամի տներից, որը բավականին ձիգ և տաք տուն էր, բայց քանի որ բնակեցված էր եղել, պատերը կեղտոտ էին և թեթևակի վերանորոգման կարիք կար»,- շեշտեց նա:
Հ. Բարսեղյանի խոսքով, իրենք շատ ավելի շուտ են իմացել, որ Առաքելյաններն ուզում են հրաժարվել բնակարանից, բայց չեն հայտարարել այդ մասին` հույսով, որ կփոխեն իրենց որոշումը, և նրանց վերջնական որոշման մասին իրենք էլ են հարցազրույցից իմացել: Զրուցակիցս գտնում է, որ եթե կա խնդիր, որ իրենց տված բնակարանի պատճառով մարդիկ պետությունից էլ չեն ստանալու իրենց հասանելիքը, ուրեմն ճիշտ որոշում են կայացրել, բայց դեռ հարց է` արդյոք պետք է պետության վրա հույս դնել. «Ես լիովին հասկանում եմ նրանց վրդոհվմունքը, գիտեմ, որ դա ընդհանրապես կապված չէ մեզ հետ, բայց 27 տարով ստուգված բան է, թե ինչքանով է հավանական, որ պետության կողմից տուն ստանան»,- նշեց նա:
Առաքելյանների որոշումից հետո նախաձեռնության հեղինակները գտել են մեկ այլ գյումրեցի զոհված զինծառայողի ընտանիք: Զինվորի մայրն ու եղբայրն այլ մարդկանց հետ ապրում են երկաթգծին պատկանող 1920-ականների շենքում: Հ. Բարսեղյանը Ա. Սահակյանին առաջարկել է հենց այդ ընտանիքին հանձնել բնակարանը, բայց վերջնական որոշումը դեռ կայացված չէ, այդ իսկ պատճառով նախընտրեց չասել, թե ում մասին է խոսքը:
«Խոսել եմ նրանց հետ, ներկայացրել եմ` ինչ տուն է, իրենք մեծ սիրով համաձայնել են: Այն տրամաբանությամբ ենք շարժվել, որ շուտով զոհված զինվորի 21-ամյա եղբայրը կամուսնանա, և գոնե իր ընտանիքը նորմալ տեղ կապրի»,- տեղեկացրեց Հ. Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ «SOS Գյումրի» նախագիծը մեկնարկել էր բրիտանական Crowdfunder կայքում հայտարարված դրամահավաքով, որի նպատակը Գյումրիի 13 անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելն էր, բայց մեծ ուշադրության արժանանալու շնորհիվ անհատներ և կազմակերպություններ միացան նախագծին` նվիրաբերելով առանձին բնակարաններ: Արդյունքում` բնակարան է հատկացվելու 23 ընտանիքի, որոնցից 15-ն արդեն իրենց նոր տներում են, 5 ընտանիքի էլ բնակարանները հատկացված են, բայց նրանք իրենց նոր տներում կհաստատվեն մինչև մայիսի 5-ը, մյուս երեք ընտանիքնեն էլ, այդ թվում և` զինվորի ընտանիքը, կտեղափոխվեն մինչև մայիսի 15-ը: 23-ից 14-15 դոմիկները քանդվելու են (7-ն արդեն քանդված է), իսկ մնացածը չեն կարող քանդել, քանի որ մարդիկ վարձով են բնակվել դրանցում:
Բայց ծրագիրը դեռ չի ավարտվել` ընթացքի մեջ է բարեգործական աճուրդը, որի ընթացքում վաճառքի են հանվում հայտնի մարդկանց, սպորտային կազմակերպությունների անձնական իրեր, և Հ. Բարսեղյանը հույս հայտնեց, որ մեկ բնակարան էլ կկարողնան այդ աճուրդի ընթացքում հավաքված գումարով գնել: Բացի այդ, էլի խոստումներ կան, և հնարավոր է` մինչև աշուն կարողանան բնակարան տրամադրել ևս 5-6 ընտանիքի:
Այս պահին թիմը զբաղված է քարտեզագրման գործընթացով, որի վրա նշված կլինեն բնակարան ստացած, դրա կարիքն ունեցող անձանց տվյալները, որպեսզի օգնել ցանկացողները հստակ տվյալներ ունենան և կարողանան նաև առանց միջնորդի անձամբ կապվել ընտանիքների հետ: Հ. Բարսեղյանը նաև տեղեկացրեց, որ հնարավոր է` 1000-2000 դոլար մնա հավաքված գումարից, որը ևս ամբողջովին ծախսելու են ընտանիքներին օժանադակելու վրա` սկսած փաստաթղթերի ձևակերպումից մինչև անհրաժեշտ իրերի տրամադրում:
Նյութի աղբյուր՝ nyut.am
|