
Խնդիրն Ազատի կիրճում վերջին օրերին արված ծառերի ապօրինի հատումները չեն, խնդիրն այն է, թե Կառավարությունը որոշումներ կայացնելիս որքանով է հաշվի առնում քաղաքացիների շահերը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը՝ անդրադառնալով Ազատի կիրճում Կառավարության կողմից իրականացվող «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրին եւ դրա հնարավոր հետեւանքներին։
«Ենթադրենք 5 հատ ծառ են կտրել․ դրանից խնդրի բուն էությունը չի փոխվում։ Արդեն 2 տարի է՝ ասվում է, որ Ազատ գետում այդքան ջուր չկա, որ վերցնեն եւ այդ ծրագիրն իրականացնեն․ Համաշխարհային բանկն էլ չի հասկանում դա, Կառավարությունն էլ։ 7-8 տարի է՝ գառնեցիները չեն կարողանում իրենց 700 հա հողերը ջրել, այգիները չորացել են, պետք է Հովիկ Աբրահամյանի հողերի համար իրենց քթի տակից ջուրը տանե՞ն»,- ասաց Լեւոն Գալստյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի իրականացումը ոչ միայն լուրջ բնապահպանական, այլեւ սոցիալական խնդիրների կհանգեցնի, դրանցից խուսափելու համար անհրաժեշտ է , որ որոշում կայացնողները մի պարզ բան հասկանան՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կարծիքը պետք է հաշվի առնեն։
«Խնդիրը գաղափարախոսության մեջ է․ քանի դեռ դու քո անձնական շահը մարդկանց շահերից բարձր ես դասում, ծառեր էլ կհատվեն, գետեր էլ կչորանան։ Մարդիկ իրենց դժգոհությունը բազմիցս հայտնել են, հիմնավորել են թե ինչու, մեկ է՝ թքած ունեն էդ մարդկանց կարծիքի վրա»,- նշեց Լեւոն Գալստյանը։
Նշենք, որ Գառնիի մի քանի հարյուր բնակիչներ ապրիլի 13-ին փակել են Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհը եւ պահանջել դադարեցնել Ազատի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները: Նրանց խոսքով՝ շինարարական ընկերությունը ապրիլի սկզբին, օգտվելով երկրում տիրող պատերազմական իրավիճակից, տեխնիկան մտցրել է Ազատի կիրճ եւ վերսկսել աշխատանքները: Գառնեցիները բազմիցս նշել են, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հողատարածքները ոռոգման ջրով ապահովելու նպատակով։
Նշենք, որ գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի մոտից խողովակներով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր:
Նյութի աղբյուր՝ news.am
|