
NewsBook-ի զրուցակիցն է Գյումրու «Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:
- Պարոն Բարսեղյան, սոցիալական ցանցերում օգտարերերի կողմից «փող չկա» շարք է սկսվել, որոնք առավել քան համոզիչ են ու դիպուկ: Ըստ Ձեզ` ի՞նչն է պատճառը, որ ոստիկանության գերհագեցած տեխնիկային, արագաչափերին, բիոզուգարաններին զուգահեռ 1980-ականների զենքերով ենք կռվում: Հասարակության մոտ հարցեր են առաջացել` ինչո՞ւ ժողովրդի դեմ վերջին արտադրության ջրցան մեքենաներ, թշնամու դեմ՝ հին ռազմատեխնիկա:
- Որովհետև պետական իշխանությունը ժողովրդից չէ: Անցած տարիներին միշտ դիտարկել ենք ոստիկանության և ԱԱԾ-ի համար արվող ծախսերի աճը: Մինչ 2016-ն` անցած երեք տարում ոստիկանության համար արված հատկացումները բյուջեում 50.8 տոկոսով աճել են, այս տարի աճը նորից շարունակվել է: Ամեն տարի ոստիկանության համար արված ծախսերն աճել են 14-15 տոկոսով, իսկ ԱԱԾ-ի համար արված ծախսերը վերջին 5 տարիներին տարեկան աճել են 13-26 տոկոսով: Հայաստանի պետբյուջեն 3-ից 6 տոկսով է աճ գրանցել: Սա նշանակում է, որ ներքին իրավապահ համակարգի համար արված ծախսերը անհամեմատ ավելի բարձր տեմպով են աճել, քան երկրի բյուջեն, ինչը նշանակում է, որ պետական իշխանությունն ավելի շատ մտահոգ է եղել երկրի ներսում վերահսկողական մեխանիզմներն ուժեղացնել՝ զինել ոստիկանությանը: Դրա օգտագործումը մենք տեսել ենք զանազան քաղաքացիական նախաձեռնությունների, շարժումների և ընդվզումների ժամանակ: Սրա հետ միաժամանակ հանրությանը պետական իշխանությունը հավաստիացրել է, թե բանակի համար ամեն ինչ կա, պատրաստված ենք: Փաստորեն, պարզվեց, որ դա այնքան էլ այնպես չէ այն իմաստով, որ նույն իշխանությունը Սերժ Սարգսյանի բերանով ասում է, որ մեր զինանոցը 35-40 տարվա վաղեմության է: Իսկ եթե իշխանությունը նամուս ու արժանապտվություն ունենար, այդ մարդիկ վաղուց արդեն հրաժարական էին տվել, կամ էլ գոնե հայտարարել էին, որ լավ, լարվածությունը կանցնի, կհրաժարվենք: Բայց նրանք, իհարկե, այդ մարդիկ չեն: Սա էլ իրենց դաս չի լինելու, մինչև հանրությունը չելնի ու դաս չտա: Ակնհայտ է, որ եթե չլիներ մեր զինծառայողների քաջությունը, որով լրջորեն լրացվեց տեխնիկական բացը, այս քննությունից կամ դուրս չէինք գալու, կամ էլ շատ մեծ դժվարությամբ: Առանց ամոթի միլիարդների վրա նստած, տակները լցնելով ելնում ասում են՝ փող չունենք: Ո՞նց թե չունենք, բազմիցս ցույց ենք տվել, թե որտեղ եք մսխում այդ փողերը, բոլորը գիտեն` ինչպես եք կերել այդ փողերը:
Դպրոցականներից սկսած գիտեն՝ Սերժիկ Սարգսյան, Գագիկ Խաչատրյան, Հովիկ Աբրահամյան և մյուսներդ ինչպես եք կերել մեր երկրի փողերը:
- Զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցելու համար տարբեր դրամահավաքներ են սկսվել՝ խոսքս ժողովրդի, ՀԿ-ների կողմից իրականացվող նախաձեռնությունների մասին է: Իհարկե, գնահատելի են նման նախաձեռնությունները, բայց արդյո՞ք հստակ պետական աջակցություն չպետք է լինի, այս դեպքո՞ւմ էլ կրկին ժողովուրդը կլինի գլխավոր ձեռք մեկնողի դերում:
- Մենք մեր գործընկերների հետ արդեն մի քանի տարի է, ինչ առաջարկել ենք ու առաջարկում ենք, որ զինծառայողների կյանքն ապահովագրվի, եթե որևէ բան պատահի առողջությանը կամ կյանքին, շոշափելի փոխհատուցում լինի: Այդ առաջարկները չեն ընդունվել: Արդեն 5-ից 6 տարի է` մենք առաջարկում ենք նաև պետության կողմից տրվող նպաստի չափը շեշտակիորեն ավելացնել: Հումանիստական իմաստով ոչ-ոք չի կարող խոչընդոտել կամ արգելել մարդկանց դրամահավաք կազմակերպել, դժվար է մարդկանց զսպել այդ իմաստով: Բայց անձամբ ես համարում եմ, որ դա պետության անելիքն է: Առանց չափազանցնելու՝ մենք ֆանտաստիկ ֆինանսական ռեսուրսներ ունենք, որպեսզի կարողանանք այս խնդիրներն արժանապատիվ և պատվով լուծենք: Ուղղակի պետք է իշխանությունը հրաժարվի կոռուպցիայից: Այս ընտանիքները ցմահ որևէ դժվարություն չպետք է ունենան: Հերոսական կռվով ընկած զավակների ընտանքիները պետք է դժվարություն չունենան: Չեմ կարծում, որ այս ճակատային լարումը պետք է դադարի, որ նոր լսենք, թե ինչ են անում: Խոսքն ամսական 100 դոլար նպաստը 200 դոլար դարձնելու մասին չէ: Որևէ ծպտուն` փող չլինելու մասին պիտի հասարակական դաժան ապտակի արժանանա:
- Այս օրերին հաճախ նման վերնագրերի ենք ականատես լինում` «Պատգամավորներն իրենց մեկ ամսվա աշխատավարձն են փոխանցել ԼՂՀ ՊԲ-ին, կամ՝ « X պաշտոնյան X գումար է փոխանցել»: Կարծիքների գերակշռող մասը բացասական է, ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը:
- Շատ պարզ ու հասարակ է ամեն ինչ: Մարդիկ ամեն ինչ գիտեն՝ պատճառը հենց այդտեղ է: Մարդիկ գիտեն, որ կոնկրետ այս պատգամավորը հարստահարել է երկիրը, հանքային հարստությունները թալանել է, նստել ու օրենքներ է ընդունել կլանի պաշտպանության ու պահպանման համար, մոնոպոլիաների զարգացման համար: Գիտեն, որ ծառայել է Սերժիկ Սարգսյանի ռեժիմին և հիմա էլ հանել է, իր աշխատավարձն է տալիս, ասենք՝ 500 հազար դրամ: Բոլորը հասկանում են, որ դրա տակ լուրջ կեղծավորություն ու երկերեսանիություն կա: Մարդկանց ռեակցիան էլ բնական է, որ հենց այդպիսին պետք է լինի: Բայց ես լրջորեն կասկածում եմ, որ Հայաստանի պետական իշխանությունը գիտակցության է եկել կամ կարող է փոխվել: Ճիշտ է` հիմա մի քիչ խեղճացած կերպար է ընդունել: Ընդդիմությունն էլ թևերը քշտած կանգնել է կողքը, թե մենք միասին ենք, այս ենք, այն ենք, Սերժիկն արդեն լավն է, Սերժիկին եկեք նեղություն չտանք: Հիմա հենց մի քննադատական խոսք ես գրում, սկսում են մի քանի օգտագետեր՝ բա դրա ժամանակն է, իսկ ո՞րն է դրա ժամանակը, ասեք իմանանք: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը դասեր չի քաղել: Ի՞նչ դասեր ես քաղել՝ ընդամենը մտածում ես, որ 80-ականների զենքը պետք է փոխարինվի՞ 2010-ով: Դա՞ է քո եզրակացությունը: Ինչքա՞ն պիտի ես էրեխեքը երկիր պահեն՝ ամեն անգամ 18, 20 տարեկանի կյանքով երկիր ես պահում: Այդպես չէ, մինչև իշխանությունն արմատապես չփոխվի, որովհետև իշխանությունը գիտակցության եկողը չէ, մենք երկարատև ժամանակ հաջողության հույս չենք կարող ունենալ:
- Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի վերաբերյալ վերջին օրերին ավելի սուր դժգոհություններ, զուգահեռ նաև տարբեր արդարացումներ, մեղադրանքներ են հնչում: Ռուսամետները փնովում են հակառուսականներին, ասում են՝ ինչո՞ւ Իսրայելին էլ չեք մեղադրում: Իշխանական հատվածից էլ պաթոսային արտահայտություններ են լսվում, թե՝ ժամանակակից զենք չունենք, բայց ունենք մարտական ոգի: Այս կոնտեքստում չմոռանանք նաև Ռուսաստանի պաշտոնական տեսակետն այս հարցում: Ի՞նչ արդարացումներ են սրանք:
- Ես համարում եմ, որ ցանկացած երկիր, ցանկացած տարածքի վրա կարող է շահ կամ հետաքրքրություն ունենալ: Ռուսաստանը և Թուրքիան այս տարածքի վրա հետաքրքրություններ ունեն, և դրանք ավելի վառ են արտահայտված քան մյուսներինը: Եվ դա պարզ է` Ռուսաստանը չլինի, մեկ ուրիշը հետաքրքություն կունենա: Իմ ելակետը հետևյալն է՝ մեր երկիրը պետք է շատ հզոր լինի: Սրա մեջ զենքն է, մեր խելքն է, դիվանագիտությունը, ազատություններն են: Իմ մեղադրանքներն ամբողջությամբ ուղղված են նրանց, որոնք նախ և առաջ մեր երկիրը վատը կամ թույլն են դարձնում՝ դա Հայաստանի պետական իշխանությունն է: Հայաստանը պետք է ուժեղ լինի, իսկ դրան այժմ խանգարում է Սերժ Սարգսյանի կլանը: Մենք հիմա խայտառակ վիճակ ունենք մեր ներքին ազգային անվտագության տեսակետից և դրանից էլ օգտվում են զանազան հետաքրքրություն ու շահեր ունեցողները մեր տարածքի և երկրի նկատմամբ:
Բնականաբար, Ռուսաստանն էլ պետք է օգտվի չէ՞: Պիտի կարողանա կանչի Կրեմլ ու ասի՝ տղա ջան, հիմա ստորագրում ես, որ մտնում ես ԵՏՄ, էդ տղա ջանն էլ գլուխը կախ ստորագրում ու դուրս է գալիս: Եթե երկիրը ներսից թույլ է, կողքից ով ասես, կներեք իհարկե, բայց կարող է կայֆավատ լինել երկրի վրա: Ես չեմ կարող ո՛չ Պուտինին, ո՛չ էրդողանին, կամ Օբամային մեղադրել, թե ինչու եք ուզում, որ ձեր երկիրն ուժեղ լինի: Ինչի՞ մենք չէինք ուզենա, որ Հայաստանը Նոր Զելանդիայում իր երկրի շահերը պաշտպաներ:
Ռուսաստանն, իր շահերից ելնելով, ինչ ուզում, անում է, Հայաստանի իշխանություն է ողորմելի և թույլ, որ չի կարողանում ասել՝ այ ընկեր, դու ո՞ւմ դաշնակիցն ես: Եթե ասում ես դաշնակից, պետք է տեսնենք չէ՞ տարբերությունը: Կամ երբ թուղթ ստորագրվեց, դաշինքը երկարաձգվեց, դրանից ի՞նչ էիր ակնկալում: Սերժ Սարգսյան, հիմա ասա, տեսնեք ակնկալածդ իրականանում է, թե՝ ոչ: Եթե խափանվում ես որպես պետության առաջին դեմք ի՞նչ ես անում այդ խափանման դեմ: Հիմա դու տեսել ես, որ քո դաշնակիցը դաշնակից չէ առնվազն, ունե՞ս դիրքորշում: Էդ մարդն էլ ասում է` հավասար դաշնակից է, բայց մենք այդպե՞ս էինք պայմանավորվել, էդպես չէինք պայմանավորվել: Ամբողջը գալիս-պտտվում է նրան, որ երբ գողը տնից է, կովն ուղղաթիռով կտանեն ու տանում են:
Նյութի աղբյուրը ` newsbook.am
|