Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցում մարտի 12-ին մահացած նորածնի հայրը ՝ Հակոբ Պետրոսյանը, կատարվածի մեջ մեղադրում է բժիշկներին, որոնք իր պնդմամբ, անփութություն են դրսեւորել:
Լրագրողների հետ զրույցում Հակոբ Պետրոսյանը պատմեց, որ կինը՝ 38-ամյա Լիաննա Դարբինյանը, ծննդաբերել է կեսարյան հատումով: Վիրահատությունից հետո բժիշկները վստահեցրել են, որ թե որդու, թե կնոջ առողջական վիճակը բավարար է:
«Բժիշկներն ասացին, որ երեխան լավ էր, հերթապահն էլ նշեց, եթե վաղը գաս, քո երեխան կլինի կնոջդ կողքը: Լուսադեմին զանգում են, ասում են՝ պիտի գնաս, խնդրես բժիշկ Սանոսյանին երեխային Ավստրիական հիվանդանոց տեղափոխել, քանի որ խնդիրներ ունի, իսկ իրենք արհեստական շնչառության ապարատ չունեն: Ես եկա, բժիշկն ինձ ասաց, որ բոլոր ապարատները զբաղված են, ո՞ր երեխուն հանենք, որ քոնին դնենք: Ես էլ առաջարկեցի Երեւան տեղափոխել, չհամաձայնվեցին: Մինչեւ գնացի ծննդատուն, հետ եկա, տեսա, որ երեխայիս ձեռքով արհեստական շնչառություն են տալիս, մեկ էլ եկան, ասացին՝ մահացել է»-պատմեց նորածնի հայրը:
Հակոբ Պետրոսյանը վստահեցրեց, որ փոքրիկի մարմինը եղել է այտուցված, ավելին ծննդատան անձնակազմն անփույթ է եղել, համապատասխան բուժօգնություն չի ցուցաբերել. «Մարմինը, ձեռքերը այտուցված էին, հետո երբ որ բերեցին հիվանդանոց, բժիշկներն ասում էին՝ էս ինչ վիճակ է երեխի մոտ, ինչի է թոքերը սեղմած, ինչի են լխկել»:
Գյումրու ծննդատան նորածնային բաժանմունքի վարիչ Ռոզա Ասլանյանը մինչդեռ NEWS.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ երեխան ծնվել է առողջական խնդիրներով եւ հաշված ժամերի ընթացքում վիճակն ավելի է վատացել: Բժշկուհու խոսքով, իրենք նախ փորձել են նորածնի վիճակը կայունացնել, ապա պայմանավորվածություն ձեռք բերել հիվանդանոցի հետ:
«Երեխան ծնվել է առողջական ծանր վիճակով, տնքոցներով, շնչառական անբավարարությունով, նշանակումները կատարվել են: Ժամը 02:30-ին ինձ զանգեց հերթապահող Նարինե Հովհաննիսյանը, ասաց՝ վիճակը վատ է, ասի՝ տեղափոխեք Ավստրիական մանկական հիվանդանոց. երեխային ժամը 5:00-ին տարել են այնտեղ, որտեղ մահացել է»,- ասաց Ռոզա Ասլանյանը:
Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանն էլ հայտնեց, որ նորածինն իրենց մոտ տեղափոխվել է արդեն մահամերձ. «Ռեանիմացիոն միջոցառումներ են արվել շատ ինտենսիվ, եւ հիվանդանոցում մեկ ժամ անց մահացել է, նա լիարժեք չի առողջացել կամ կենսունակ չի դարձել»:
Նշենք, որ նորածինն ընտանիքի առաջնեկն էր, ծնվել էր 2,8 կգ քաշով: Հակոբ Պետրոսյանն արդեն ոստիկանությունում հաղորդում է տվել:
